Կրթություն կորոնավիրուսի ժամանակ և հետպատերազմյան շրջանում։ Երբ հաշվի է առնվում երեխայի հոգեվիճակը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը սոցիալ-հոգեբանական ծառայությունների և կրթության միջոցով աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երեխաներին

ՅՈՒՆԻՍԵՖ
Դեռահաս աղջիկը ժպտում է լուսանկարվելիս ապաստարանի միջանցքում
UNICEF Armenia/2020/Galstyan
02 Դեկտեմբեր 2020

Պատկերացրեք՝ 13 տարեկան եք: Պատկերացրեք, որ մի գիշեր ստիպված եք եղել փախչել հայրենի քաղաքից թողնելով ամեն ինչ՝  հարազարտներին, ընկերներին, իրերը…

«Լեռնային Ղարաբաղից ամբողջ ճանապարհին վախ էի զգում, շատ անհանգիստ էի: Ավտոբուսում հազիվ էի արցունքներս զսպում, որ մայրիկս, քույրերս ու փոքր եղբայրներս չտեսնեն։ Արդեն քառասուն օր է՝ այս ճամբարում ենք, այստեղ շատ ընկերասեր են, ինձ շատ են օգնել: Հիմա վախս արդեն անցել է, հիմա ամեն մի բջիջովս կարոտում եմ մեր տունն ու մեր գյուղը», - պատմում է 13-ամյա Արմինեն։

Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում սրված հակամարտությունը Արմինեի նման գրեթե 39 000 երեխայի թողեց առանց կրթության, դպրոց հաճախելու հնարավորության: Տեղահանության հետևանքով առաջացած տրավման, կորստի զգացողությունն ու ապագայի հանդեպ անորոշությունը տարատեսակ ազդեցություն են  ունենում երեխաների վրա: Շատերը շփման խնդիրներ են ունենում, դժվար են քնում, վարքային փոփոխություններն են ի հայտ գալիս: Այս ամենն է՛լ ավելի է վատթարանում կորոնավիրուսային համավարակի ու ժամանակավոր կացարանների գերբնակեցված լինելու պայմաններում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հոկտեմբերի սկզբից համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների հետ՝ երեխաներին տրամադրելով անհատական և խմբային հոգեբանական աջակցություն։ Տուժած համայնքներում ներգրավելով հոգեբանների, սոցիալական աշխատողների, ինչպես նաև ուսուցիչների՝ առաջնային խնդիրը եղել է կրթության վերսկսումը։ 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ու աշխատակիցը ԼՂ-ից ժամանած երեխաների հետ քննարկման ժամանակ
UNICEF Armenia/2020/Sahakyan
UNICEF Representative Marianne Clark-Hattingh and UNICEF Project Coordinator Hasmik Arakelyan engaged in a workshop with a group of children and adolescents from Nagorno-Karabakh.

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ավելի քան 1100 երեխա և խնամակալ աջակցություն են ստացել «Ծնողի դպրոց» ծնողական, կրթական, սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի, Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի (AACEP), Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (AASW) և «Արևամանուկ» հոգեբանական սոցիալական աջակցության հիմնադրամի կողմից։

«Տրավմայի և ուսման վրա վերջինիս ազդեցությունը հասկանալը կարող է օգնել ուսուցիչներին ավելի լավ ռազմավարություն մշակել աշակերտներին աջակցելու համար», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը: «Դա է նաև պատճառը, որ նոյեմբերի սկզբին AACEP-ի և AASW-ի հետ համագործակցությամբ սկսեցինք մեկամսյա առցանց դասընթացներ սոցաշխատողների, ուսուցիչների և կրթության ոլորտում աշխատող հոգեբանների հետ՝ նրանց հմտությունները բարելավելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ժամանակավորապես Հայաստան ժամանած երեխաներին և նրանց խնամակալներին տրամադրվող աջակցությունն ամրապնդելու համար»։

Երեխայի հոգեվիճակը հաշվի առնող ուսուցումը ենթադրում է, որ աշակերտի հուզական և ֆիզիկական բարեկեցությունը, անվտանգության և պատկանելության զգացումը, ինչպես նաև նրանց նախկին և ներկա տրավմաները ազդում են սովորելու կարողության վրա:

Դասընթացն ուսուցիչներին հնարավորություն է տվել հայտնաբերել տրավմայի նախանշանները և պատրաստ լինել համապատասխան կերպով արձագանքել դրանց։

«Այս դասընթացների միջոցով 150 դպրոցական հոգեբաններ հմտացել են արտակարգ իրավիճակներում աշխատելու գործում և կատարելագործել աշակերտներին առաջին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հմտությունները։ Հայաստանի հանրակրթական դպրոցների 900 ուսուցիչներ խորացրել են տարբեր տարիքային խմբերում գտնվող, հոգեբանական տրավմա ստացած երեխաների հետ աշխատելու փորձը», - նշել է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի համահիմնադիր Իրինա Խանամիրյանը:

Դասընթացները օգնել են նաև աշակերտներին միջանձնային կապեր ստեղծելու, սոցիալական մեկուսացումից խուսափելու, ինչպես նաև ինքնախնամքի և ինն իրեն  հասկանալու գործում: Կարևորվել է հարազատներին կորցրած աշակերտների կարիքների արձագանքման հարցը։ Ուշադրություն է դարձվել նաև հարցին, թե ինչպես արդյունավետ համագործակցել ծանր հոգեվիճակում գտնվող ծնողների և խնամակալների հետ։

Armine and her new friends in Yegheghis enjoying a break outside in Yeghgnadzor, Armenia.
UNICEF Armenia/2020/Galstyan
Armine and her new friends enjoying a break outside.

Արմինեն ու իր նոր ընկերներն արդեն պատրաստ են դպրոց վերադառնալուն ՅՈՒՆԻՍԵՖ-ի տրամադրած դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով: Արմինեին ու հարյուրավոր այլ երեխաների ուսման ընթացքում կաջակցեն արդեն վերապատրաստված և հմտացած ուսուցիչներն ու դպրոցի հոգեբանները։ Գործընկերների հետ համատեղ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աջակցել երեխաներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել ուսումը և դիմակայուն լինել՝ հաղթահարելով հակամարտության հետևանքով առաջացած հոգեբանական ճնշվածությունը։