Հայաստանում 270 ուսուցիչ վերապատրաստվել է, իսկ ավելի քան 2700 երեխա սովորել է ճանաչել իր իրավուքները

Ծրագրի մասին խոսել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ) ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանի հետ

Ժաննա Ուլիխանյան
Տիգրան Թովմասյան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՌՆ ծրագրի ղեկավար։
UNICEF Armenia/2018/Topuzyan
27 Նոյեմբեր 2019

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 30-ամյակի առթիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս տարի իրականացրեց «Դեռահասների ներգրավումը համայնքային սոցիալական, բնապահպանական և կլիմայի փոփոխությանն առնչվող հիմնախնդիրների ուսումնառության գործընթացում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն էր դեռահասների շրջանում զարգացնել 21րդ դարի հմտությունները՝ հնարավորություն տալով նրանց դառնալ ակտիվ քաղաքացիներ, խորացնել իրենց գիտելիքները երեխայի իրավունքների և համայնքում առկա սոցիալական և բնապահպանական հիմնախնդիրներին մասին։ Ծրագրի կարևորության, մեթոդաբանության ու արդյունքների մասին խոսել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանի հետ։

Ինչո՞ւ է կարևոր այս ծրագիրը։

Տիգրան - Ֆորմալ կրթական համակարգում 8-9-րդ դասարանների հասարակագիտության առարկայի դասագրքերում երեխայի իրավունքներին հատկացված է երկու դասաժամ, ինչը գուցե բավարար է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի մասին ընդհանրական գիտելիքի համար, բայց բավարար չէ, որ երեխան սկսի ճանաչել իր իրավունքները և առավել ևս ճանաչի դրանց խախտումները։

Կարևոր է, որ երեխաները ոչ միայն հասկանան «երեխայի իրավունք» հասկացությունը, այլև այն դառնա իրենց մտածողության մաս։ Ոչ պակաս կարևոր է, որ այս մոտեցումը յուրացվի նաև ուսուցիչների կողմից․ նրանք ամեն տարի քաղաքացիներ են կրթում, նրանք կարող են այսկերպ աշխատել յուրաքանչյուր դասարանում՝ դրանով իսկ ձևավորելով իրավունքով առաջնորդվող քաղաքացիներ։

Երեխաների և ուսուցիչների հետ աշխատելով՝ բարձրանում է նաև ընդհանուր հասարակության իրազեկվածությունը երեխայի իրավունքի վերաբերյալ։ Ցավոք, Հայաստանում սա դեռ խնդիր է։

Ի՞նչ քայլեր են իրականացվել 270 դպրոցներում

Տիգրան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ վերապատրաստվել է Հայաստանի բոլոր մարզերից մոտ 270 դպրոցի հասարակագիտության ուսուցիչ։ Այնուհետև յուրաքանչյուր ուսուցիչ հատուկ դասաժամերի շնորհիվ իր սաներին կրթել է երեխայի իրավունքների մասին։

Իհարկե, այս աշխատանքը կազմակերպվել է միայն փոխներգործման ուսումնառության  մեթոդով։ Սա նշանակում է, որ աշակերտը ինքը մասնակցել է իր ուսումնական նպատակների ձևավորմանը։ Այստեղ աշակերտը ոչ թե միայն գիտելիքի կրողն է, այլ մասնակիցը՝ ամենասկզբից՝ նպատակների ձևակերպումից մինչև իրականացում։

Նախ աշակերտը սկսում է հետաքրքրվել, թե ինչ հիմնախնդիրներ կան երեխայի իրավունքների վերաբերյալ ու սկսում ուսումնասիրել այդ խնդիրները։ Այս մեթոդի համաձայն՝ ուսուցիչը միայն համակարգողի դերում է հանդես գալիս։ Ծրագրին հատկացված դասաժամերն ամբողջովին հիմնված են եղել գործնական աշխատանքների վրա։ Երեխաներին տրամադրվել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մշակած երեխաների համար մատչելի տարբերակը և երեխայի իրավունքների խախտման 6 իրավիճակ, որոնք իրական են ու տրամադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից։ Այնուհետև երեխաները սկսել են համեմատել, վերլուծել և գնահատել, թե այդ 6 իրավիճակներից յուրաքանչյուրի դեպքում կոնվենցիայի 54 հոդվածներից որոնք են խախտվել։ Հաջորդիվ երեխաները սկսել են ուսումնասիրել իրենց շրջակա միջավայրը ու դասարան են բերել իրենց համայնքում առկա սոցիալական, բնապահպանական, առողջապահական, կրթական և այլհիմնախնդիրները, որոնցով խախտվում են իրենց իրավունքները։ Ամբողջ դասարանով ընտրել են մեկ խնդիր, որի մասին տեսանյութ են պատրաստել։

Ընդհանուր 168 տեսանյութերից ՀՀ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարարությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ծրագրում ներառված փորձագետներ ընտրել են 26 տեսանյութ, որի հիման վրա էլ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից 137 երեխա և 14 ուսուցիչ հրավեր են ստացել մասնակցելու Երեխաների ազգային գագաթնաժողովին։

Ինչ խնդիրներ էին ներկայացրել երեխաները։

Տիգրան - Հայաստանի բոլոր մարզերից ստացված տեսանյութերը բազմաթիվ հիմնախնդիրներ էին վերհանում։ Մենք խմբավորել ենք խնդիրները հետևյալ կերպ․

  • դպրոցի սպորտային և ֆիզիկական կուլտուրայի զարգացման հնարավորությունների բացակայություն կամ անբարվոք վիճակ,
  • համայնքներում ժամանցի և մշակութային միջոցառումների սահմանափակ հնարավորություններ կամ բացակայություն,
  • շրջակա միջավայրին առնչվող խնդիրներ՝ աղտոտված գետ, աղտոտված օդ, աղբի վերամշակման բացակայություն,
  • համայնքային ճանապարհների վատ վիճակ,
  • բռնություն, բուլինգ։

Արդյունքում․․․․

  • 2700 երեխա ստացել է հիմնարար գիտելիքներ իրենց իրավունքների մասին;
  • 270 դպրոցների հասարակագիտության ուսուցիչ ընդլայնել և խորացրել են իրենց գիտելիքները և դասավանդման կարողությունները  երեխայի իրավունքների թեմայով;
  • Դպրոցներից ստացվել է 168 տեսանյութ՝ Հայաստանի տարբեր համայնքներում առկա հիմնախնդիրների վերաբերյալ;
  • Հայաստանի բոլոր մարզերից 137 աշակերտ մասնակցել է Երեխաների ազգային գագաթնաժողովին ու քննարկել իր համայնքի խնդիրները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ առողջապահության նախարարների և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Տիգրան - Այս ամենի արդյունքում երեխաները ոչ միայն դարձել են քաջատեղյակ իրենց իրավունքների մասին, այլև հիմա կարողանում են ճանաչել իրավունքների խախտման դեպքերը և իրենց իսկ պատասխանատվությունը այլ երեխաների ու հանրության հանդեպ:

Երեխաները հասկացան, որ իրենք իրավասու են ու կարող են ու պետք է լուծումներ առաջարկեն։ Իսկ ուսուցիչները ևս մեկ անգամ համոզվեցին, որ իրենց դերակատարումը շատ մեծ է, որ իրենք կարող են ու պետք է այս գիտելիքը փոխանցեն երեխաներին։

Այս օրինակի հիման վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ի խորհուրդն է՝ ֆորմալ կրթության նոր ուսումնական ծրագրի հասարակագիտության ծրագրոմ և չափորոշիչնեչում  երեխայի իրավուքների մասին կրթությունը դարձնել առնվազնմեկ կիսամյակ՝ զարգացնելով ուսումնառության փոխներգործման մեթոդների համատարած կիրառումը։

Հայաստանում և այլ երկրներում մենք աջակցում ենք, որ դպրոցների կրթական ֆորմալ ծրագրերում ավելի հիմնավոր ու ավելի երկարատև կերպով դասավանդվեն երեխայի իրավունքները՝ ներառելով 21րդ դարի հմտությունների ևոչ ֆորմալ կրթության հաջողված մոտեցումների վրա։