Հայտնի են «Սերունդ առանց սահմանների» մրցույթի հաղթողները

Ահա, թե ինչ խնդիրներ են տեսնում երիտասարդներն իրենց համայնքներում և թե ինչպես են որոշել լուծել դրանք։

Ժաննա Ուլիխանյան
«Սերունդ առանց սահմանների» մրցույթի մասնակից դեռահաս աղջիկը պարզել է իր հեռախոսը, որի էկրանին մրցույթի լոգոն է՝ կլոր գունավոր երկրաչափական իրերից շրջանակ է, որի մեջտեղում գրված է՝ սերունդ առանց սահմանների։
UNICEF Armenia
17 Հունիս 2020

Եկել է նրանց ժամանակը, նրանց հերթը

Արդեն երկու տարի է, ինչ աշխարհի 41 երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ միասին իրականացնում է «Սերունդ առանց սահմանների մրցույթը», որպեսզի նրանց հետ միասին գտնի բարդ խնդիրների լուծումները և երիտասարդների օգնությամբ փորձի կառուցել նրանց և բոլորիս ապագան։

Այս տարի առաջին անգամ Հայաստանը նույնպես միացավ շարժմանը՝ հնարավորություն տալով 50 երիտասարդների Շիրակից, Վայոց ձորից, Կոտայքից, Տավուշից, Գեղարքունիքից և Երևանից ներկայացնել իրենց համայնքների խնդիրներն ու դրանց լուծման իրենց գաղափարներն առաջարկել։ Այսպիսով՝ մայիսի 15-ից 10-օրյա առցանց վարժանքի ընթացքում երիտասարդները մասնակցեցին առցանց հանդիպումների՝ սոցիալական ձեռնարկատիրության, ձեռներեցության և ստարտափների հիմնադիր հմուտ մասնագետների մենթորությամբ:

Իսկ մայիսի 24-ին 12 թիմ մասնակցեցին ավելի քան 4 ժամ տևողությամբ առցանց մրցույթին և հնարավորություն ունեցան ներակայացնել իրենց ծրագրերը, պատասխանել ժյուրիի հարցերին, դիտարկել ժյուրիի առաջարկները, երգել ու զրուցել, հաղթել ու պարտվել, ոգեշնչել և ոգեշնչվել։

7 րոպե յուրաքանչյուր թիմին՝ ներկայացնելու իր նախագիծը ժյուրիի անդամներին, 5 րոպե ժյուրիին՝ համապատասխան հարցուպատասխանի միջոցով պարզելու մնացած մանրամասները։ Ժյուրիի անդամներին՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրայթենին, Կոլբա Լաբի ղեկավար Մարինա Մխիթարյանին, UWC Դիլիջանի միջազգային դպրոցի ֆոնդհայթաթման և հաղորդակցության ղեկավար Նաիրա Մանուկյանին, «Ստարտափ Հայաստան»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին, Նեքսուս արվեստի կենտրոնի հիմնադիր և ղեկավար Աննա Միքայելյանին, «Հայրենիքի զարգացման հիմնադրամի» նախագահ Թիմոթի Սթրայթին և Այ-Էյ-Բի բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանին, դժվար աշխատանք էր սպասվում։ Բայց նրանք միայնակ չէին, յուրաքանչյուր երիտասարդ կարող էր իր միավորը շնորհել այն թիմին, ում նախագիծն ավելի էր հավանել։

Այդպիով հանդիպման ավարտին պարզ դարձան ամենաբարձր միավոր հավաքած թիմերը․

  1. Խոսք խոսքի
  2. Վիրտուալ լաբ
  3. Աքվափլանթ
  4. Ստեղծագործ
  5. Խեցեգործական գյուղ
From speechless to speechful team's visual with team members and their moto.
UNICEF Armenia

Խոսք խոսքի տանք՝ սարեր շուռ կտանք

«Խոսք խոսքի» թիմի անդամներին հուզում են լսողության խնդիրներ ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները։ Պարզվում է՝ Հայաստանում չկա մշակված միասնական փաթեթ, որ կօգնի երեխաներին զարգացնել իրենց խոսքը, հատկապես երբ ունեն լսողության խնդիրներ:

Թիմի ավագ Արամն անցել է դժվար ճանապարհ և իր ընտանիքի աջակցությամբ այժմ սահուն և գեղեցիկ խոսում է։ Նա որոշել է իր լուման ներդնել և իր նման երեխաներին օգնել։ Այս թիմը նախատեսում է ստեղծել մի փաթեթ, որի մեջ ներառված կլինեն դիդակտիկ նյութեր, քարտեր, իրավիճակային նկարներ, երաժշտական գործիքներ, երեխայի հետ աշխատելու ուղեցույց, օրագիր ծնողների համար և մի շարք այլ պարագաներ, որոնք կօգնեն ընտանիքներին այս խնդրին հանդիպելու դեպքում:

Գուցե նոր է ձևավորվել, բայց արդեն սոցիալական պատասխանատվություն ունեցող այս թիմը նախատեսում է հետագայում, ըստ անհրաժեշտության, սոցիալապես անապահով ընտանիքներին նվիրել այս փաթեթը: Բայց բոլորին նվիրել չեն կարող, պետք է վաճառեն փաթեթը, որպեսզի գոյացած գումարով ավելի զարգացնեն նյութերը։ Թիմում են նաև Արամի քույրերը՝ Սաթենիկը, Մարիամը, Տաթևիկը, տարբեր փորձագետներ և Արամի մայրն ու հայրը, ում գործն անգնահատելի է, իսկ փորձը՝ կիրառելի։

VR Lab team's visual with their team members adn the moto.
UNICEF Armenia

Նորարար գաղափարներով նորովի սովորենք քիմիան

VR Lab թիմի անդամները մտահոգված են բազմաթիվ միջնակարգ դպրոցներում համապատասխան լաբորատորիաների բացակայությամբ, որի պատճառով հնարավոր չի լինում իրականացնել հետաքրքիր քիմիական փորձեր և բնականաբար կորչում է բնական գիտություններով զբաղվելու ցանկությունը։ Քիմիան սիրող Սաթենը, Կարենը, Լուսինեն և Հասմիկը որոշեցին լուծել այս խնդիրը։

Առաջարկում են մշակել և ստեղծել VR ակնոցներ, որտեղ արդեն կլինի ներբեռնված քիմիայի ուսուցման 7-9 դասարանների ծրագիրը։ Այսպիսով երեխաները կկարողանան քիմիական փորձարկումները տեսնել և իրականացնել՝ առանց իրերի ու սարքավորումների ու նյութերի առկայության՝ առցանց՝ ինչպես այս օրերին ամեն ինչն է կատարվում։ Այս նախագծի նպատակն է՝ երեխաների մոտ առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը և Հայաստանում այս գիտության զարգացմանը նպաստելը։ Երիտասարդները լուրջ են պատրաստվել՝ խոսել են դպրոցականների հետ, ծրագրավորողների հետ, նախագծել են փորձարկման փուլը և նախանշել են այն կազմակերպությունները, ում հետագայում դիմելու են աջակցության համար։

Aquaplant team's visual with team leader and their moto.
UNICEF Armenia

Գտե՛ք արդյունավետության «կանաչ» գաղտնիքը

Aquaplant (թարգմանաբար՝ «ջուր» և «բույս») թիմը մտահոգված է բնության խնդիրներով։ Գաղափարը այնպիսի ջերմոցներ ստեղծելն է, որոնց ոռոգման համար կօգտագործվի ձկնաբուծարաններից թափվող ջուրը։ Ձկնաբուծարանների ջրերը ուղղակի թափում են, սակայն դրանք այդքան էլ օգտակար չեն բնության համար, ավելին՝ վնասակար են, և հանգեցնում են պարարտ հողի վնասման։ Առաջարկում են տաբեր աստիճանի ֆիլտրացիա անել, մաքրել ջուրը, հետո այն կրկին ուղղորդել ձկնաբուծարան՝ ստեղծելով փակ շղթա։ Վերջիններս կարող են այն օգտագործել և բանջարեղեն աճեցնել։

Այսպես՝ փաստորեն, հնարավոր կլինի մեկ ձեռքով երկու, չէ՝ երեք ձմերուկ բռնել, հա՛մ ամենաթանկ ռեսուրսներից մեկը՝ ջուրը, կրկնակի կօգտագործվի, հա՛մ կվերահսկվի ձկնաբուծարանի ջրի որակը, հա՛մ էլ օրգանիկ բանջարեղեն կաճեցվի։

Դավիթը, Մարիամը և Ալբերտը, ունենալով գյուղատնտեսական բարձրագույն կրթություն, որոշել են իրենց ներդրումն ունենալ հենց այս ոլորտում։

Creactive team's visual with the team leader and their moto.
UNICEF Armenia

Սահմաններից այն կողմ

CreACTive թիմը ձևավորվել է Տնտեսագիտական համալսարանի ուսանողներ Ալլայի, Մերիի, Արմանի, Էվելինայի և Անիի նպատակների շնորհիվ։ Այս թիմի նախագծի հիմքում կամավորությունն է, ինչպես նաև՝ ավելին սովորելու և երիտասարդների ներուժը օգտագործելու ցանկությունը։ Նախատեսում են ստեղծել մի հարթակ բոլոր ուսանողների համար, որտեղ ընդհանրապես կարևոր չէ, թե որ համալսարանում է սովորում ուսանողը, ինչ կարողություններ ունի։ Եթե ուսանողը ուզում է ինքնակրթությամբ զբաղվել, հետաքրքիր ծրագրեր անել, կամավորությամբ զբաղվել, ապա հարթակը հենց նրա համար է։

Այստեղ յուրաքանչյուրը կկարողանա առաջարկել ծրագիր, թիմ կազմել և իրականացնել այն։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է դիմել մյուսին՝ օգնություն խնդրել այս կամ այն առարկայի դժվարությունների հետ կապված կամ խորհուրդ հարցնել։ Այստեղ «պասիվ» ուսանողներին, տրամադրելով համապատասխան մոտիվացիա, ինֆորմացիա և գործիքներ, կօգնեն նրան կատարել «ակտիվ» ուսանող դառնալու առաջին քայլը։ Չէ՞, որ ցանկացած մարդ ի ծնե ունի մի շարք հմտություններ, որոնք ուղղակի պետք է դուրս բերել և զարգացնել։

Pottery village visual with team members photo and their moto.
UNICEF Armenia

Ստեղծագործենք և զարգանանք միասին

Pottery village թիմի անդամները՝ Անահիտը, Հասմիկը և Հովհաննեսը որոշել են ամեն ինչ անել, որպեսզի վերակենդանացնեն Հայաստանի գյուղերը և վերականգնեն անհետացող արհեստները։ Նախատեսում են իրենց գյուղում բացել կավագործության կենտրոն, իրականացնել համապատասխան դասընթացներ և սկսել կավե իրեր արտադրել։ Արդեն տարածքն են գտել, հանդիպել են համայնքի ղեկավարի հետ, ստացել նրա համաձայնությունը, ինչպես նաև՝ խոսել են գյուղի դպրոցականների և երիտասարդների հետ, որպեսզի քննարկեն կենտրոնի գործունեությունը և լսեն նրանց առաջարկները։

Ծրագրում են մատակարարել, վաճառել կավե իրերը ռեստորաններին, սրճարաններին և արտադրություններին։ Մտածել են նաև զբոսաշրջիկներին ներգրավելու մասին։ Կենտրոնում զբոսաշրջիկը կարող է անձամբ պատրաստել կավե տարաներ և տարածքում գտնվող մեղվապահների աջակցությամբ քամել մեղր, լցնել այն տարայի մեջ ու վերցնել իր հետ։

Այս հինգ հաղթող թիմերից յուրաքանչյուրը կստանա 1000 ԱՄՆ դոլար՝ իրականացնելու իր ծրագիրը, որոնք թիմերը դեռևս ավելի քան երկու ամիս շարունակելու են զարգացնել մենթորների աջակցությամբ։ Նախատեսվում է սեպտեմբերին կրկին դիտարկել ծրագրերն ու ընտրել առավել հեռատեսական երկու նախագիծ, որոնք արդեն մրցույթի երկրորդ փուլում կներկայացվեն ԱՄՆ-ում կազմակերպվող համաշխարհային մրցույթին: Հայաստանի մասնակիցները կմրցեն այլ երկրների թիմերի հետ՝ մինչև 20 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ ստանալու և գաղափարների ինկուբատոր ծրագրին մասնակցելու հնարավորության համար։

Իսկ Ձեզ այս գաղափարները դու՞ր եկան: Օգնե՛ք այս երիտասարդ թիմերին՝ տարածելով նրանց գաղափարները և անպայման գրեք մեր ֆեյսբուքյան էջին, եթե կարող եք աջակցել նրանց որևէ այլ կերպ: