Ի՞նչ խնդիրներ են Հայաստանի երեխաները բարձրաձայնել

Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 13-24 տարեկան երեխաներին և երիտասարդներին կոչ էր անում մասնակցելառցանց ստորագրահավաքին և բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները

Ժաննա Ուլիխանյան
Երեք երեխա իրենց հեռախոսով մասնակցում են Երեխաների համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված ստորագարահավաքին։
UNICEF Armenia/2019/Gevrogyan
27 Նոյեմբեր 2019

Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը առցանց հարթակ էր ստեղծել, որի միջոցով Հայաստանում ապրող 13-24 տարեկան երեխաներն ու երիտասարդները կարող էին բարձրաձայնել իրենց և իրենց ընկերներին հուզող խնդիրները։ Եկեք միասին տեսնենք՝ քանի երեխա է մասնակցել և ինչ խնդիրներ են բարձրաձայնել։

Քանի՞ երեխա է մասնակցել։

2558 երեխա և երիտասարդ մասնակցել է ստորագրահավաքին։ Մասնակիցների գրեթե կեսը (47 տոկոս) 15-19 տարեկան է, 39 տոկոսը՝ 13-14 տարեկան, իսկ 14 տոկոսը՝ 20-24 տարեկան։ Առցանց ստորագրահավաքին ավելի շատ աղջիկներ են մասնակցել (68 տոկոս), քան տղաներ (32 տոկոս)։

Մասնակից երեխաների 1/3-ը Երևանից է, ճիշտ երկրի բնակչության նման։ Այնուհետև ավելի շատ մասնակիցներ են գրանցվել Լոռիից, Տավուշից և Գեղարքունիքից։ Ուրախ ենք, որ բոլոր 10 մարզերի երեխաներն էլ մասնակցել են ու բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները։

Ի՞նչ խնդիրներ են երեխաները առաջնային համարել

Ըստ ստորագրահավաքի արդյունքների՝ մշակույթի, խաղի և ժամանցի սահմանափակ հնարավորությունները երեխաներին հուզող ամենամեծ խնդիրն է։

Եվ ահա, թե ինչպես են դասակարգվել խնդիրները՝ ըստ կարևորության․

  1. մշակույթի, խաղի և ժամանցի սահմանափակ հնարավորություններ,
  2. շրջակա միջավայրի աղտոտվածություն և անվտանգություն,
  3. նախադպրոցական և դպրոցական կրթություն չկա կամ որակյալ չէ,
  4. հավասար հնարավորությունների բացակայություն,
  5. աղքատություն,
  6. երեխաների ձայնը լսելի չէ,
  7. անառողջ ապրելակերպ և անօգտակար սնունդ,
  8. երեխաների հանդեպ բռնություն։

Ավելի հստակ երեխաները նշել են հետևյալ 5 առաջնային խնդիրները․

  1. երեխաները սպորտով զբաղվելու հնարավորություններ չունեն,
  2. երեխաները արվեստով զբաղվելու հնարավորություններ չունեն,
  3. այգիներն ու կանաչ տարածքները քիչ են,
  4. օդն աղտոտված է,
  5. երեխաների համար նախատեսված հատուկ որակյալ հեռուստահաղորդումներ ու հանդեսներ չկան։

Եթե դիտարկենք խնդիրներն ըստ մարզերի․․․

Եթե դիտարկենք խնդիրներն ըստ մարզերի, ապա Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի երեխաների համար առաջնայինը արվեստով զբաղվելու սահմանափակ հնարավորությունների խնդիրն է։

Լոռիի, Կոտայքի և Շիրակի երեխաների համար՝ սպորտով զբաղվելու սահմանափակ հնարավորությունների խնդիրը։ Գեղարքունիքում առաջնայինը դպրոցի շենքի հին ու փլուզման վտանգի տակ լինելու խնդիրն է։

Երևանում երեխաները բարձրաձայնել են այգիների ու կանաչ տարածքների սակավության խնդիրը, կրթության ոչ որակյալ լինելու և օդի աղտոտվածության խնդիրը։

The first page of the Peititon, where a girl and a boy who has a disability plays together.
UNICEF Armenia

Այլ խնդիրներ։

Իրենց հուզող խնդիրներ չգտնելու դեպքում երեխաները հնարավորություն ունեին նաև լրացուցիչ խնդիրներ ավելացնել։ Լրացուցիչ խնդիրների վերլուծությունից պարզ է դառնում, որ Կոտայքի մարզում երեխաները բարձրաձայնում են ճանապարհների անբարեկարգ վիճակի խնդիրը։

Շիրակում այլ խնդիրների շարքում առաջնայինը դպրոցի մուտքի մոտ դրված աղբամանների հակասանիտարական և հակաէսթետիկ վիճակն է, այնուհետև՝ ոչ ֆորմալ կրթության բացակայությունը։ Իսկ Երևանում երեխաները բարձրաձայնում են նաև երեխաներին մուրացկանության դրդելու մասին։

«Սահմանամերձ գյուղերի երեխաների անվտանգությունը ապահովելու համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները վերանորոգել: Խնդրում եմ լուրջ վերաբերվել այս հարցին։ Ապահովենք մեր ապագայի անվտանգությունը»:

Տավուշում ապրող երեխա