ՅՈՒՆԻՍԵՖ-ն ապահովում է բազմազան սնունդ Լեռնային Ղարաբաղից եկած երեխաներին

5000 տուփ սնունդ մատակարարվել է մինչև հինգ տարեկան երեխա ունեցող ընտանիքներին

ՅՈՒՆԻՍԵՖ
Worker assembling unicef food packages
UNICEF Armenia/2020/Grigoryan
15 Դեկտեմբեր 2020

Հինգ տարեկանից ցածր երեխա ունեցող հազարավոր ընտանիքներ, ովքեր Լեռնային Ղարաբաղում վերջերս սրված հակամարտության հետևանքով ժամանակավոր ապաստան են գտել Հայաստանի տարբեր համայնքներում, երկու ամսվա կտրվածքով սննդարար փաթեթներ են ստանալու։

Փոքր երեխաների սննդային հատուկ կարիքները բավարարելու համար նախատեսված  սննդի չորս հազար փաթեթ արդեն առաքվել է Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Դիլիջանի և Վաղարշապատի ընտանիքներին:

Food package displayed
UNICEF Armenia/2020/Grigoryan

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի Առողջության և սնուցման ծրագրերի ղեկավար Լիանա Հովակիմյանը նշել է, որ սննդի փաթեթները կազմվել են կարիքների գնահատման սեփական ուսումնասիրությունների և քաղաքապետարանների հետ համագործակցության արդյունքում: «Սննդային բազմազանությունը երեխաների համար շատ կարևոր է», - նշել է նա: «Մենք գիտենք, որ երեխաները լիարժեք աճի ու զարգացման համար բազմազան սննդի կարիք ունեն։ Սննդի նրանց օրաբաժինը պետք է հարուստ լինի սպիտակուցներով, ածխաջրերով, միկրո և մակրո տարրերով և այլն։ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ երկամսյա փաթեթները կազմվել են՝ ելնելով հենց այդ տրամաբանությունից»:

Փաթեթների առաջին խմբաքանակը՝ 300 տուփ, տրվել է Վաղարշապատի քաղաքապետարանին։ Համայնքի ղեկավարի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը հավաստիացրել է, որ առաջիկա օրերին դրանք կտրամադրեն համայնքում ժամանակավոր ապաստանած ընտանիքներին։ «Մեկ տուփը մեկ երեխայի համար է։ Եթե ընտանիքում կա մինչև 5 տարեկան, օրինակ, 2 երեխա, ապա ընտանիքը, համապատասխանաբար, կստանա 2 տուփ»,- նշել է տիկին Թովմասյանը։

The worker is unloading the track
UNICEF Armenia/2020/Grigoryan

Մնացած 3700 փաթեթն անցյալ շաբաթ առաքվել են Դիլիջան և Եղեգնաձոր, ինչպես նաև՝ Սիսիան, Գորիս և Կապան: Եվս 1000 փաթեթ մինչև դեկտեմբերի վերջ առաքվելու է Կապան և Սիսիան: ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձում է լրացուցիչ ֆոնդահայթայթման ուղղությամբ՝ ձմռան ամիսներին կենսական աջակցությունն ավելի շատ երեխաների հասցնելու համար: