Դասից հետո ոչ թե տուն, այլ դահլիճ՝ «Առողջամարտիկ»-ին մասնակցելու

ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ առողջապահության նախարարության և Ընտանիքի ակադեմիայի համատեղ ծրագրով դպրոցականները բացահայտում են հոգեկան և ֆիզիկական առողջ ապրելակերպի գործնական կողմերը

Գոռ Պետրոսյան
Տղան Եղվարդի դպրոցում մասնակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Առողջամարտիկ ծրագրին։
UNICEF Armenia/2021/Grigoryan
10 Հունիս 2021

ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ առողջապահության նախարարության և «Ընտանիքի ակադեմիա» հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրը՝ «Առողջամարտիկ»-ը, ծնվել է դեռ 2019-ի աշնանը՝ նպատակ ունենալով դառնալ մեկն, ով կոգեշնչի երեխաներին, կլինի հոգեկան և ֆիզիկական առողջ ապրելակերպի հիանալի օրինակ։ Մինչև 2020 թվականի գարուն «Առողջամարտիկը» հասցրեց հյուրընկալվել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի 15 համայնքում։ Քովիդի պատճառով հետաձգված ծրագիրը այս տարի վերսկսվել է Շիրակում և մինչև սույն թվականի նոյեմբեր կհասցնի լինել Կոտայքի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի և Երևանի 35 համայնքում։

Դասընթացավարը երեխաներին պատմում է առողջ սննդի ու սնվելու մասին։
UNICEF Armenia/2021/Grigoryan

«Առողջամարտիկ»-ի մասին մենք խոսում ենք այնպես, ասես դա ոչ թե ծրագիր է, այլ մարդ»,- ասում է «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը․- «Խորհրդակցելով հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ, որոշեցինք, որ առողջության մասին թեորետիկ օրինակների փոխարեն, երեխաներին ամեն բան ավելի պարզ ու հասկանալի կլինի, եթե խոսենք «շոշափելի» պերսոնաժի՝ Առողջամարտիկի օրինակով։ Դա է պատճառը, որ ամեն դասից առաջ մենք երեխաներին բացատրում ենք, թե ով է Առողջամարտիկը․ իրենց պես մի պատանի, ով ունի երազանքներ, գիտի նպատակներ դնել ու հասնել դրանց։ Առողջամարտիկը մարդ է, ով հասկանում է, որ նույնիսկ հասարակ գործողությունների համար պետք են ուժ և էներգիա, ու դրանք մենք կարող ենք վերցնել միայն առողջ սննդից։ Առողջամարտիկը գիտի նաև, որ կան բազմաթիվ «գայթակղություններ», որոնք շեղում են ճիշտ ճանապարհից ու վնասում առողջությունը։ Այդ գաղափարից էլ ծնվեց նախաձեռնության կարգախոսը՝ «Սովորի՛ր և սովորեցրո՛ւ առողջ ապրել»,- պատմում է Մերի Ներսիսյանը։

«Առողջամարտիկը» արտադպրոցական դասաժամերի շարք է՝ նախատեսված 6-9 և 12-15 տարեկան դպրոցականների համար։ Հաշվի առնելով երեխաների տարիքային տարբեր խմբերի ընկալման առանձնահատկությունները, ստեղծվել են երկու՝ միանգամայն տարբեր ծրագրեր կրտսեր և ավագ խմբերի համար։ Փոքրերի խմբում դասընթացի հիմնական գործիքը խաղերն են, որոնց օգնությամբ բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը և հաղորդավար Մերի Ներսիսյանը երեխաներին բացատրում են, թե ինչ ասել է վնասակար սնունդ՝ պատմելով սննդի մեջ աղի, շաքարի և ճարպի ավելորդ քանակի վտանգների մասին։ Մեկ այլ խաղի օգնությամբ, երեխաները սովորում են տարանջատել մարդու օրգանիզմին անհրաժեշտ սննդամթերքի երեք հիմնական խմբերը՝ միրգ-բանջարեղեն, բարդ ածխաջրեր և սպիտակուցներ։

Սննդաբանը երեխաներին պատմում է վիտամինների մասին։
UNICEF Armenia/2021/Grigoryan

«Կրտսեր խմբի երեխաների համար իսկական բացահայտում է «Առողջ ափսե» հասկացությունը, որի սկզբունքը բացատրում ենք խաղի օգնությամբ․ նրանք սովորում են, թե մեկ սննդընդունման ընթացքում ափսեի պարունակության քանի տոկոսը պետք է զբաղեցնի բանջարեղենը, իսկ քանի տոկոսը՝ սպիտակուց և ածխաջուր պարունակող մթերքները»,-պատմում է Լիդիա Այվազյանը, ում հրահանգով երեխաները հսկա ափսեի վրա հավաքում են առողջ ափսեի իրենց տարբերակները․ այդպիսով և՛ խաղում են, և՛ գործնականում ստուգում րոպեներ առաջ ստացած գիտելիքները։

«6-9 տարեկան երեխան, ըստ էության, ընտանիքում սննդային սովորույթներ թելադրող չէ, բայց նա ունի ներազդելու մեկ այլ մեխանիզմ՝ նա խնդրում է, պահանջում է իր համար գնել կամ իրեն տալ այս կամ այն բանը՝ պանիր կամ չիփս, ջուր կամ գազավորված ըմպելիք: Հատուկ դասի ընթացքում նրանք նախ սովորում են՝ օրինակ, թե ինչու ջուր և ոչ թե գազավորված ըմպելիք ու «բանալիներ» են ստանում՝ կառավարելու սեփական վարքը և վերահսկելու ցանկությունները»,-մանրամասնում է Լիդիան։

Երեխանեին ներկայացնում են ՔՈՎԻԴ-ից արդյունավետորեն պաշտպանվելու եղանակները։
UNICEF Armenia/2021/Grigoryan

Բժիշկ-դիետոլոգի դասից հետո երեխաները ծանոթանում են Մանկական ռեանիմացիա և անասթեզիա մասնագիտության օրդինատոր Վահրամ Գաբրիելյանի հետ, ով կարևոր առաքելություն ունի՝ երեխաների հետ զրուցում է Քովիդի մասին։ Քաջ գիտակցելով, որ նույնիսկ երեխաներն են հասցրել հոգնել համավարակի մասին քննարկումներից, սահմանափակումներից ու շուրջ բոլորը տիրող բացասական տեղեկատվության հոսքից, բժիշկը, մասնագիտական բարդ նկարագրությունների փոխարեն, երեխաներին հատվածներ է ներկայացնում «Դու ես իմ հերոսը» գրքից։

Կրտսեր խմբում, դասընթացի ավարտից առաջ, բոլոր երեխաները ստանում են «Առողջ ափսեի» իրենց օրինակը՝ մագնիտե կպչուկ սառնարանի համար, որպեսզի գրագետ սննդակարգի կանոնները միշտ լինեն ընտանիքի բոլոր անդամների աչքի առջև։

Լիանա Հովակիմյան՝ ՅՈՒՆԻՍԵՖի առողջապահության և սնուցման ծրագրերի ղեկավար
UNICEF Armenia/2021/Galstyan

«Առողջամարտիկ»-ի երկորոդ բաժինն ավագ խմբի համար է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Առողջապահության և սնուցման ծրագրի ղեկավար Լիանա Հովակիմյանի խոսքով․- «Մարդու սննդային սովորույթները ձևավորվում են մանկության տարիներին, և եթե դրանք վերահսկելը համեմատաբար հեշտ է նորածնային և նախադպրոցական տարիքում, ապա հետագայում՝ դպրոցականի առօրյան և դեռահասության փուլի առանձնահատկությունները դժվար վերահսկելի են դարձնում հարցը, թե Ի՞ՆՉ Է ՈՒՏՈՒՄ ԵՐԵԽԱՆ: «ԻՆՉ» ուտելը համակարգային հասկացություն է ու ներառում է մի շարք բաղադրիչներ՝ ինչպես ուտել, երբ, ինչ քանակությամբ, ինչպիսի պայմաններում և այլն», - ասում է տիկին Հովակիմյանը:

Հիմք ընդունելով վերը բերվածը, ավագ խմբի համար նախատեսված «Առողջամարտիկ»-ի դասընթացը շոշափում է հարցերի մի ամբողջ համակարգ՝ հանգամանքներ ու միջավայր, որում ապրում է երեխան, ընտանիքի սննդային սովորույթները, երեխայի կենսառիթմը, քնի ռեժիմն ու տևողությունը, ֆիզիկական ակտիվություն ենթադրող խմբակների առկայությունը կամ բացակայությունը նրա կյանքում և այլն։

Ծրագրի դասընթացավար Գոռ Պետրոսյանը նկատում է․- «Սննդային սովորույթը մշակույթ է, որը մեկ օրում չի ձևավորվում: Այս առումով կարևոր է, որ անհատը դեռ մանկության տարիներից վարժվի կառավարելու իր ԵՍ-ը՝ սննդային նախապատվություններից մինչև մասնագիտության ընտրություն, սովորի իր առջև դնել նպատակներ՝ առողջ ապրելակերպ վարելու գաղափարից մինչև իր համայնքում առկա խնդիրները նկատելն ու ինքնուրույն դրանց լուծմանն ուղղված քայլեր կատարելը», - ասում է Գոռը։

Ավագների խմբում, նույնպես, երեխաներն առանձին բաժնով ուսումնասիրում են համավարակին առնչվող նյութեր՝ վարակի տարածման առանձնահատկություններից մինչև ձեռքերը ճիշտ լվանալու եղանակը։